ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր խոհերն է ներկայացրել «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» վերաբերյալ: Բնական ու տրամաբանական այս փաստը վերստին գալիս է վկայելու, որ գիտնականը նրա ներսում չի նիրհում և ավելի զորեղ է քաղաքական գործչից, նույնիսկ եթե նրա գնահատականներն այս պարագայում նաև քաղաքական են: Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ որևէ հայտարարություն, խոսք, անդրադարձ չարեց ոչ Գյումրու ողբերգությանը, ոչ Բերձորի դեպքերին, ոչ Շահութահարկի մասին օրենքի հարուցած սոցիալական բողոքին, բայց անդրադարձավ Հռչակագրին: Եվ՝ հենց ոչիշխանական եռյակի փետրվարի 15-ին ծրագրված հանդիպումից 4 օր առաջ: Եթե հանրային աջակցության թվական ցուցիչներով Գագիկ Ծառուկյանն ակնհայտ առավելություն ունի հայտնի պատճառներով, Լևոն Տեր-Պետրոսյանը կողմնակի գուցե, բայց Հայաստանի Հանրապետության համար ներքաղաքական խնդիրներից, որոնց լուծումները ակնհայտորեն ապագայում են տրվելու, շատ ավելի կարևոր ու միջազգային նշանակություն ունեցող հարցին իր հիմնարար անդրադարձով՝ քաղաքական դաշտին ու հասարակությանը հիշեցնում է գաղափարական ու քաղաքական առաջնորդի իր ներկայությունը, փորձում վերահաստատել 2008-ից հետո տարտղնված հեղինակությունն ու ազդեցությունը: ՈՒ սա հերթական բարոյական հաղթանակի դրսևորում է, որը, սակայն, իրական ու շոշափելի օգուտներ նրան չի բերելու: Հասարակությունն ու իշխանությունը գործառնում են շատ ավելի պրագմատիկ շահերով, քան համազգային խնդիրներն են: Ցավոք:
Բացառապես Հռչակագրի բնագիրը բարելավելու նպատակով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հիմնարար քարուքանդ է անում փաստաթուղթը՝ վիճարկելով հենց այն սկզբունքը, որ համարվում էր Հռչակագրի մեծագույն նշանակություն՝ որքանո՞վ է Հռչակագիրն արտահայտում «հայ ժողովրդի միասնական կամքը»: «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես «Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող» զուտ կազմակերպական բնույթի մի հանձնաժողով, որքան էլ ներկայացուցչական, կարող է արտահայտել հայ ժողովրդի միասնական կամքը: Եվ ընդհանրապես, գոյություն ունի՞, արդյոք, մի մարմին, որն այդ կամքը կարող է արտահայտել»: Այս հարցը իրենք իրենց շատերն են տվել և, հայկական սփյուռքի տարածականությունը ու հատվածականությունը նկատի առնելով՝ դժվար է համաձայնել, որ մի քանի կետում արտահայտված է «միասնական կամք», բայց նաև այդ միասնական կամքը ընդհանրապես հնարավոր չէ ձևակերպել՝ իր ողջ ծավալով ու բազմազանությամբ, ընդհանրական ցանկություններ ու եզրահանգումներ, այո, որովհետև իրոք «Դժբախտաբար, թե բարեբախտաբար, որևէ մարմին կամ կառույց համայն հայության անունից չի կարող խոսել»: Այս դեպքում հնարավոր չէ նաև համահայկական հանրաքվեի անցկացումը՝ ոչ միայն տեխնիկական, այլև իրավական հիմքեր չունենալով այլ պետություններում հարցեր պարզել ազգային փոքրամասնության խնդրով: Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է Հռչակագրին շատ ավելի ծանրակշիռ նշանակություն, լրջագույն իրավական-քաղաքական փաստաթղթի արժեք տալու համար ներկայացնել ոչ թե «մի անդեմ հանձնաժողովի» անունից, այլ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահների, Ամենայն Հայոց կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի, ինչպես նաև` Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիների առաջնորդների ստորագրությամբ», այսինքն՝ աշխարհիկ ու հոգևոր տերերի: Նշանակո՞ւմ է սա, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունում է Սերժ Սարգսյանի իրավակարգությունը:
Առաջին նախագահը առարկում է 3-րդ կետի բազում շնորհակալություններին «այն պետություններին, միջազգային, կրոնական և հասարակական կազմակերպություններին, որոնք քաղաքական խիզախություն ունեցան ճանաչելու և դատապարտելու Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն, և այսօր էլ շարունակում են այդ ուղղությամբ իրավական քայլեր ձեռնարկել, նաև կանխել ժխտողականության վտանգավոր դրսևորումները»: Այո, հայկական իրավագիտակցությունն ու ազգային արժանապատվությունը պիտի թելադրել ոչ թե շնորհակալությունների զեղումներ, այլ փաստի արձանագրում առ այն, որ պետություններն ու միջազգային կառույցները ճանաչել ու դատապարտել են մարդկության դեմ ուղղված ոճրագործությունը, որը միջազգային կոնվենցիաներով ամրագրված նրանց պարտավորությունն է: Բայց միջազգային կոնվենցիաները չեն կառավարում աշխարհը, այլ շահերը, ու եթե տարբեր պետություններ իրենց շահերից ելնելով ընդունում կամ չեն ընդունում ցեղասպանության փաստը, դա ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ իրենց խնդիրն է:
Առաջին նախագահի գլխավոր առարկությունը վերաբերում է Թուրքիային ներկայացված վերջնագրին՝ «ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը և մարդկության դեմ իրագործված այդ սոսկալի ոճրի զոհերի հիշատակը ոգեկոչելու միջոցով առերեսվել սեփական պատմության ու հիշողության հետ` հրաժարվելով կեղծարարության, անհերքելի իրողության ժխտման և հարաբերականացման քաղաքականությունից», որտեղ բացակայում է վերջնագրի պարտադիր բաղադրիչը` ի՞նչ կլինի վերջնագրի պահանջը չկատարելու դեպքում: Առաջին հայացքից նրա առարկությունները տեղին են, այո, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե հայերիս, այլ թուրքերի գործն է, այո, վերջնագրերով ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել` ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է, բայց ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ, այլ մեր երկրների միջև բարիդրացիության և վստահության մթնոլորտի ձևավորումից հետո: Իսկ եթե ցեղասպանության ճանաչումը արգելակո՞ւմ է հենց այդ հարաբերությունները: Եթե Թուրքիան Ադրբեջանի հետ նախապայմաններ է դնում, ինչպե՞ս են հարաբերությունները կարգավորվելու: Նախապայմանին նախապայման հակադրելը ճանապարհ չէ, բայց որքա՞ն սպասել ու ինչպե՞ս նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե կարգավորման հիմքում ոչ միայն երկու պետությունների հարաբերություններն են, այլև շոշափվում են գերտերությունների շահերը: Ի՞նչ է տվել Հայաստանին այսքան տարի իր «կառուցողական» լռությունը, ա՞յն, որ այսքան ժամանակում չեն ձևավորվել պահանջատիրության գիտակցությունն ու բովանդակությունը: Որովհետև պահանջատեր լինելուց առաջ պիտի հավասար իրավունքներ ունենա՞ս, հավասա՞ր ներուժ ու հնարավորություններ: Ինչի՞ համար է դիվանագիտությունը, ինչո՞ւ չմտածել այն քայլերի մասին, որոնք արդեն հնարավոր են ու կարող են արդյունքներ ունենալ, եթե բարձրացվեն միջազգային իրավունքի շրջանակներում՝ Օսմանյան կայսրությունում ապրած հայերի կայքի, գույքի, ֆինանսների փոխհատուցումը, որ ինքնին հանգելու է ցեղասպանության ընդունմանը: Սա, իրոք, ամենամտահոգիչ խնդիրն է, բայց հազիվ թե ավելի վտանգի, «բարդացնի ու երկար ժամանակով սառեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանի ապագայի համար խիստ անհրաժեշտ գործընթացը», քան ներկա վիճակն է: Ով-ով, Լևոն Տեր-Պետրոսյանը փառահեղ գիտի՝ ինչու է այդ գործընթացը սառեցված ու երբ կապասառեցվի:
Իհարկե, ցեղասպանության խնդիրը մարդու իրավունքների, մարդկության դեմ գործված հանցագործություն է, բայց ոչ բացառապես այդպիսին է, ցեղասպանության հետևանքով մեկուկես միլիոն մարդկանց սպանդը, հայրենազրկումն ու հայկական սփյուռքի ձևավորումը բացառապես հայկական իրողություն են: Հայ- թուրքական հաշտեցումն անհրաժեշտություն է, որ դրական քաղաքական հետևանքներ ունենա թե´ Հայաստանի, թե´ Լեռնային Ղարաբաղի համար, այո, բայց պատճառահետևանքային տրամաբանությունը շրջելը ևս որևէ օգուտ չի տալիս:
100-րդ տարելիցը, իսկապես, ցեղասպանության խնդիրը զգացականության դաշտից վերջապես քաղաքական մտածողության դաշտ պիտի տեղափոխի: Բայց գործնականում հնարավոր չէ հռչակագիրը հիմնովին վերախմբագրել, որովհետև Հայաստանում չկա այդ քաղաքական մտածողությունը, ու սա է ամենամեծ վտանգը:
Չկա պետության քաղաքականության շարունակականության անհրաժեշտության գիտակցությունը՝ պետության քաղաքականությունը հավասարեցված է իշխանության քաղաքականությանը: ՈՒ դա ոչ միայն հանգեցրել է «Հայաստանի անկախության մասին հռչակագրի» ու ՀՀ Սահմանադրության և «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» հակադրությանը, այլև տասնյակ այլ խնդիրների, որոնց մասին Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես փառահեղ գիտի, ու զարմանալի է, որ նա կարծում է, թե առանց առանցքային, հիմնարար խնդիրները լուծելու հնարավոր է ճիշտ լուծել թող որ շատ կարևոր, բայց լոկալ խնդիրը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՀՀ առաջին նախագահը առաջարկում է փոխե՞լ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» բովանդակությունը՝ չառաջարկելով փոփոխության հնարավորության մեխանիզմը, թե՞ ընդամենը Լևոն Տեր-Պետրոսյանն ապացուցում է, որ ինքը Լևոն Տեր-Պետրոսյանն է, ու դա ասում է ամեն ինչ: